Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս դժբախտ պատահարն իր մեծությամբ, ցավոք, գերազանցում է նմանօրինակ մյուս պատահարներին և բացահայտում Հայաստանի կառավարության անփութությունը՝ թավշյա հեղափոխությունից և առավել ևս՝ 44-օրյա պատերազմից հետո խոստացված՝ զինված ուժերի համակարգային բարեփոխումների իրականացման հարցում։ Թերևս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխան կպահանջեն իշխանությունից՝ սխալ կառավարման զոհ դարձած ժամկետային զինծառայողների կյանքերի համար։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ( տեղական ժամանակով), Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել: « Պատահարն անվտանգության կանոնների խախտման հետևանք է», – հայտարարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ դատաքննության նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է վառարանն ավտոբենզինով վառելու պատճառով։ Թեպետ վարչապետը շտապել է պաշտոնանկ անել զորամասի հրամանատարին, այնուամենայնիվ այդ արձագանքը ոչ բավարար է, ոչ էլ՝ համարժեք, քանի որ այս վթարի մեջ ամեն ինչ վկայում է՝ նշված զորանոցի նյութական և անվտանգության պայմանների անմխիթար վիճակի և զինվորների ֆիզիկական անձեռնմխելիության իսպառ բացակայության մասին: Մնում է այդ ամենի հետևանքները կրել։ Եթե իշխանությանը չհաջողվի ստանձնել այս դժբախտ պատահարի ողջ պատասխանատվությունը՝ բարոյական, քաղաքական և անվտանգության առումով, ապա անիմաստ է զինված ուժերում իրական առաջընթաց ակնկալել։
« Ամենաթողության ու անպատժելիության արդյունքը »
Այս ողբերգական պատահարը քաղաքացիների, մասնավորապես՝ զոհերի ծնողների շրջանում բուռն արձագանք է առաջացրել։ « Սա խայտառակություն է մեր երկրի համար։ Այդ շենքը զորանոց չէր, այլ՝ գոմ․․․ճաղապատ գոմ։ Նորմալ չէ, որ մեր երեխաները նման պայմաններում են ծառայում։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ են մեր զավակները զգացել այդ պահին։ Այս ամենը ամենաթողության ու անպատժելիության արդյունք է », – վրդովված հայտարարում է զորակոչիկներից մեկի մայրը լրագրողներին։
Դեպքից ժամեր անց պաշտպանության նախարարը 10 սպայի ազատում է պաշտոնից։ Իրավապաշտպան, բանակում մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում հանրապետության լավագույն մասնագետներից մեկը՝ Ժաննա Ալեքսանյանն, անդրադառնալով ողբերգական իրադարձությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարտավոր է հրապարակային մեղայականով հանդես գալ, հանրությանը ներկայացնել դեպքի մանրամասները, մեղավորներին և հայտարարել հրամանատարական կազմին քրեական պատախանատվության ենթարկելու և ոչ թե նրանց պաշտոններից հեռացնելու մասին։ Հռչակված զորամասը գյուղական մի տուն է եղել, և զինվորներին փրկելու համար ստիպված են եղել տան պատերը քանդել․ խայտառակ մի իրավիճակ »։ Կարելի է ավելացնել, որ վերջինս պետք է սեփական հրաժարականը ներկայացնելու բարոյական պարկեշտություն ունենա։
44-օրյա պատերազմից հետո հապճեպ զորանոցի վերածված հին տունը ներառում էր հյուրասենյակ, որտեղ տեղավորվել էին ստորաբաժանման 21 զինվորները, և պահեստային սենյակ։ Անմխիթար նյութական պայմաններ և անվտանգության նույնիսկ տարրական նորմերի բացակայություն, անտանելի վիճակում գտնվող շենք՝ ճաղապատ պատուհաններով, երկրորդ ելքի և հրդեհաշիջման սարքավորումների բացակայություն․ այսպիսին է պատկերը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։
Դժբախտաբար, այս պատահարը միակը չէ՝ ո՛չ բանակում, ո՛չ էլ՝ քաղաքացիական կյանքում։ 2022 թվականի օգոստոսին Երևանում՝ Սուրմալուի հրավառության տոնավաճառում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր մոտ 20 մարդ։ Նույն տարվա հուլիս ամսին Սյունիքի մարզում գտնվող զինվորական դիրքերից մեկում բռնկված հրդեհը խլել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանի կյանքը: Այդ դեպքում էլ, կարծես, հրդեհի բռնկման պատճառը վառարանն ավտոբենզինով վառելն էր։ Դեպքից 18 ամիս անց դատաքննությունը դեռևս ավարտված չէ, ինչը որևէ լավ բան չի խոստանում Ազատի ողբերգության հետևանքների համար։
2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, առաջնագծի երկարաձգման արդյունքում՝ տեղադրման ենթակա զորանոցների թիվն ակնհայտորեն կտրուկ աճել էր։ Այն դեպքում, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիրքերի կահավորումից դժգոհող ընդդիմադիրներին ընդամենը մեկ ամիս առաջ հրավիրում էր առաջնագիծ՝ համոզվելու, որ բարեփոխումներն աննախադեպ են, այսօր բախվում էնք սահմկռեցուցիչ մի իրականության․ այս ոլորտում ձեռքբերումների բացակայությանը՝ համենայն դեպս դատելով 2022 և 2023 թվականներին տուժած երկու զորանոցների վիճակից: Ի՞նչ վիճակում են գտնվում մնացածները։ Կառավարությունը պարտավոր է անհապաղ համապատասխան խումբ ուղարկել՝ ամբողջ առաջնագծով մեկ զորանոցների վիճակն ու քանակը ստուգելու և հասարակությանն իրազեկելու առաքելությամբ․ ու այդ ամենն առանց «Պոտյոմկինի»։
Սովետական, ապա ռուսական մահաբեր ժառանգությունը
Հայկական բանակը ժառանգել է խորհրդային բանակի թերություններն ու չի կարողացել ազատվել դրանցից՝ հաշվի առնելով ռուսական և հայկական բանակների սերտ ինտեգրումը հետխորհրդային շրջանում: Փակ ու անձեռնմխելի համակարգ, որը խստորեն դատապարտում էր ցանկացած քննադատություն՝ այն անխնա պիտակավորելով որպես « ազգային դավաճանություն »։ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը հայ զինվորականներին գցեց խորը թմբիրի մեջ ու ամրապնդեց՝ իրենց կատարած ընտրության արդարացիության պատրանքը։
Բանակն՝ իր բնույթով, բարեփոխումների չենթարկվող համակարգ էր։ Հանցավոր ենթամշակույթի տարրերը, որոնք ի սկզբանե առկա էին բանակում, նվազագույնի էին հասցվել, եթե ոչ՝ ամբողջությամբ հերքվել մինչև 2018 թվականը: Տեղական կոռուպցիայի և Հայաստանի ժողովրդագրությանը, աշխարհագրությանը կամ իրեն սպառնացող զինված հակամարտությունների տեսակին բացարձակապես անհամապատասխան ռազմավարական ընտրությունների զուգակցմամբ՝ արդյունքներն աղետալի եղան: 2022-ի 44-օրյա պատերազմը վերջ դրեց բոլոր առասպելներին, բայց առանց՝ սխալներն ու թերությունները հարցականի տակ դնելու ու վերլուծելու՝ գոնե հրապարակայնորեն:
Արդյո՞ք բանակը` հայ հասարակության և երկրի անվտանգության հիմնասյուներից մեկը, իշխանության կողմից ընկալվում է որպես առաջնահերթություն՝ ըստ արժանվույն։ Կառավարության համար հեշտ է խոսել բարեփոխումների մասին, որոնք երբևէ տեսանելի չեն եղել՝ անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնիություն ապահովելու պատրվակով, ինչն էլ հնարավորություն է տվել թաքցնել ոլորտում առկա թերությունները։
Առանց բանակում հանցավոր մշակույթի և անփութության վերացմանն ուղղված խորը բարեփոխումների՝ Հայաստանը չի հաղթահարի 2020 թվականի պատերազմի ի հայտ բերած թերությունները։
Եթե 2020-ի պատերազմի 4000 զոհերը բավարար չեղան հայ հասարակությանը համախմբելու համար՝ կառավարությունից զինված ուժերի անկազմակերպության պատճառների վերաբերյալ ( զորահավաքից մինչև պահեստազոր ) արդար և անաչառ հետաքննություն ակնկալելու, ինչպես նաև՝ պաշտպանության հանձնաժողովի գլխավորած հետաքննության արդյունքների մի մասի ( ինչպես քառօրյա, այնպես էլ՝ 2020 թ.-ի պատերազմների վերաբերյալ) հրապարակման պահանջ ներկայացնելու, ապա մտավախություն կա, որ Ազատի զորանոցի 15 զոհերը հերթական սև գիծն են դառնալու բանակի դիսֆունկցիայի երկար ցուցակում։ Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները՝ նրանք, ովքեր կամա թե ակամա կկատարեն իրենց մարտական պարտավորությունները, համակցվածություն պահանջեն «սրբազան» բանակի մասին հանրային ճառերի և գործողությունների միջև, որոնք բավականին ցայտուն պատկերում են այն, թե որքան աննշան է մարդն այդ մեխանիզմում։
Թալին Փափազյան