
«Armenia Peace Initiative» (API) կազմակերպությունն ու Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը 2026 թվականի մայիսի 7-ին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով քաղաքացիական անվտանգության ոլորտում արդեն ձևավորված գործընկերության նոր փուլը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է զարգացնել համատեղ ծրագրեր կրթության, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության ուսուցման, համայնքային դիմակայունության բարձրացման և անվտանգության մշակույթի տարածման ուղղություններով։ Նախաձեռնության առանցքում են հատկապես սահմանամերձ բնակավայրերը, երիտասարդների մասնագիտական ներգրավվածությունը և արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների զարգացումը։
«Armenia Peace Initiative»-ի տնօրեն Թալին Փափազյանը, անդրադառնալով նախաձեռնության նշանակությանը, ընդգծել է հայ-ֆրանսիական համագործակցության ռազմավարական կարևորությունը․
«Armenia Peace Initiative»-ը միշտ ընկալվել է որպես համեստ, բայց կարևոր ներդրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդման գործում», — նշել է նա՝ հիշատակելով նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին այցը Հայաստան։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը նախընտրում է գործնական և տեղային ազդեցություն ունեցող նախաձեռնություններ․
«Այն ոլորտներում, որտեղ կարող ենք նպաստել Հայաստանի քաղաքացիների և պետական հաստատությունների դիմակայունության ամրապնդմանը, փորձում ենք իրականացնել փոքրածավալ, բայց արդյունավետ և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր»։
Այս մոտեցման վառ օրինակ է վերջին երկու տարիներին Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացվող առաջին օգնության ուսուցման ծրագիրը, որն ուղղված է բնակչության պատրաստվածության և ինքնապաշտպանական կարողությունների բարձրացմանը։ Կողմերը չեն բացառել նաև ապագայում նոր համատեղ նախագծերի իրականացումը ՆԳՆ կրթահամալիրի հետ։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն իր հերթին ընդգծել է համագործակցության ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ ժամանակակից անվտանգային մարտահրավերները պահանջում են ոչ միայն տեխնիկական միջոցներ, այլև պատրաստված և գիտակից հասարակություն։
«Ժամանակակից անվտանգային մարտահրավերների պայմաններում կրթությունը, պատրաստվածությունն ու մարդակենտրոն համագործակցությունը պետության դիմադրողականության կարևորագույն բաղադրիչներից են», — հայտարարել է նա։
Ռեկտորը կարևորել է նաև նախաձեռնության հասարակական բաղադրիչը․
«Մեր համագործակցությունը միտված է ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցմանը, այլև ավելի անվտանգ և պատասխանատու հասարակության ձևավորմանը»։
Ստորագրման արարողությունից հետո մասնակիցները շրջայց են կատարել ՆԳՆ կրթահամալիրում՝ ծանոթանալով ուսումնական ենթակառուցվածքներին, վերապատրաստման պայմաններին և գործնական պատրաստության ծրագրերին։
Ստորագրված հուշագիրը նպատակ ունի ամրապնդել արդեն գործող համագործակցությունը և նոր խթան հաղորդել քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման և հանրային պատրաստվածության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների զարգացմանը։
*Ծրագիրն իրականացվում է Ministère de l’Europe et des Affaires étrangères, Chene France, Fondation Aznavour, Fonds Arménien de France, L’Œuvre d’Orient, Mouvement Missak Manouchian ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև մեր մասնավոր նվիրատուների օժանդակությամբ։













