Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում ավարտվեց առաջին Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Չորս օր շարունակ հայկական սփյուռքը, տեղական գործընկերների հետ միասին, քննարկեց Հայաստանի անվտանգության ամենահրատապ մարտահրավերներն ու ռազմավարական խնդիրները։ Գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն տվեց բացահայտել առաջնահերթություններն ու մշակել ընդհանուր ճանապարհային քարտեզ՝ ապագա փոխհամագործակցության համար: Armenia Peace Initiative-ի տնօրեն Թալին Փափազյանը հրավիրված էր գագաթնաժողովին՝ որպես անվտանգության շուրջ քննարկման բանախոս։
2022 թ․-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը հյուրընկալեց Global Armenian Summit-ը (Համաշխարհային հայկական գագաթնաժողով)։ Գագաթնաժողովի հիմնական նպատակն էր հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ՝ հայկական սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով մի շարք փոխշահավետ ծրագրեր: Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված այս հանդիպումը հանդիսացավ նոր ձևաչափ և դինամիկ հարթակ՝ Հայաստանի անվտանգության ամենահրատապ մարտահրավերների ու ռազմավարական խնդիրների քննարկման համար։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ազգային անվտանգությունը, երկրի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումները, հայ մշակույթի պահպանումը, Սփյուռքի ինքնակազմակերպումը։
Գագաթնաժողովին մասնակցեցին ավելի քան 600 մասնակիցներ՝ շուրջ 50 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Բելգիայից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և շատ այլ երկրներից: Ավելին, Ֆրանսիայից մոտ 60 մասնակիցներ հատուկ ժամանել էին Հայաստան՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Մասնակիցները ներկայացրին համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն: Բացի այդ, բանավեճերին մասնակցեցին 15 երկրների 100-ից ավելի բանախոսներ, այդ թվում՝ հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ և ՀՀ պետական պաշտոնյաներ։
Քաղաքագետ, Armenia Peace Initiative-ի նախագահ Թալին Փափազյանը ևս հրավիրված էր գագաթնաժողովին՝ որպես խոսնակ՝ անվտանգության շուրջ կայացած քննարկման շրջանակում։ Նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքի աջակցությունը Հայաստանի անվտանգության հզորացման գործում»։ Այն վարում էր Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։
Վերջինս դիմեց՝ ինչպես Թալին Փափազյանին, այնպես էլ՝ պատմաբան, Բերկլիի համալսարանի Վիլյամ Սարոյան հայագիտական ծրագրի տնօրեն Ստեփան Ասդուրեանին, Ուրբանում և Շամպեյնում Իլինոյսի համալսարանի մեխանիկական գիտությունների պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին, միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնեանին և Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանին։ Նրանք խոսեցին երկրի անվտանգության ամրապնդման գործում սփյուռքի կազմակերպություններին ընթացիկ և պոտենցիալ ծրագրերում աջակցելու մասին։
Հայաստան-Սփյուռք․ նոր երկխոսություն
Համաշխարհային հայկական գագաթնաժողովն աննախադեպ իրադարձություն չէ. 1990-ականներից սկսած՝ Հայաստանի և Սփյուռքի միջև երկխոսությունն ապահովելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են տարբեր համաժողովներ։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ընդամենը նմանատիպ հարթակների նոր տարբերակն է։ Այնուամենայնիվ, այն նոր ու առանձնահատուկ է որոշ պատճառներով։ Այս անգամ երկխոսությունը կազմակերպվել էր Սփյուռքի և Հայաստանի ապագայի մի քանի առանցքային թեմաների շուրջ։ Կենտրոնական թեմաներից էր Հայաստանի անվտանգությունը։
Մյուս առանձնահատկությունը, որով Համաշխարհային հայկական գագաթնաժողովը տարբերվում է Հայաստան-Սփյուռք նախորդ հանդիպումներից, այն պայմաններն ու համատեքստն էին, որում գագաթնաժողովը տեղի ունեցավ։ Հայաստանի և հայկական համայնքների հարաբերությունները հազվադեպ են այսքան լարված և բարդ եղել։ 1991-ի իդեալներին ու ցնորքներին փոխարինելու են եկել տարակուսանքն ու մոլորությունը՝ հայտնի խնդիրներով։ Սա է այն շարժառիթներից մեկը, որը մղում է Armenia Peace Initiative-ին իր ներդրումն ունենալ ու անհրաժեշտության դեպքում միջամտել բազմազան հարթակներում/նախաձեռնություններում (որոնք, որոշ դեպքերում, կարող են առճակատման տեղիք տալ):
Սպասված և տեղին հանդիպում
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը սպասված և տեղին էր, մանավանդ այս օրերին, երբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում։ « […] Մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում »,-ընդգծել է վարչապետը գագաթնաժողովի բացման արարողությանը։
Վերջինս համոզված է․ մեծագույն սխալն այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում և ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Փաշինյանը նաև ընգծել է, որ այս գագաթնաժողովը մեկնակետ է, որ թույլ կտա փորձել գտնել նոր հնարավորություններ, հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն։ « […] Ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է »,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։