«ԽԵԼՔ-ն ինձ օգնեց առաջ գնալ և դիմակայել նոր իրականությանը: » Սեդա Շահնազարյան

Սեդա Շահնազարյանը ( ձախ կողմում )` ԽԵԼՔ-ի թիմի ուղեկցությամբ՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

44-օրյա պատերազմի հետևանքով արցախցի փախստական, 37-ամյա Սեդա Շահնազարյանը կորցնում է ամեն ինչ՝ տունը, աշխատանքն ու եղբորը։ Կյանքի այս անսպասելի շրջադարձի պատճառով Սեդան հայտնվում է խորը դեպրեսիայի մեջ, մինչև որ մի օր հայտնաբերում է ԽԵԼՔ-ը՝ ներառական թվային դպրոց Հայաստանում: Վերջինս որոշում է փոխել կյանքի հունն ու կերտել իր ապագան:

Մինչ 44-օրյա պատերազմը Սեդա Շահնազարյանն ապրում էր Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Ուխտաձորում։ 14 տարի շարունակ ամեն առավոտ՝ մասնագիտությամբ ուսուցչուհի Սեդան շտապում էր գյուղի դպրոց՝ իր աշակերտներին պատմություն դասավանդելու։ Նրա երկար, բայց հաճելի օրն ավարտվում էր տանը՝ երեք երեխաների հետ։ «Ինչպես շատերը, մենք էլ ամեն ինչ կորցրինք պատերազմի պատճառով և ստիպված եղանք լքել մեր տները: Կորցրի նաև աշխատանքս, որն այդքան սիրում էի։ Բայց ամենամեծ ու անտանելի կորուստը եղբորս մահն էր։ Շատ դժվար ժամանակաշրջան էր։ Պարփակվել էի ինքս իմ մեջ և մեկուսացել աշխարհից: Չգիտեի ինչ անել, որևիցե ելք չէի տեսնում»,- ասում է Սեդա Շահնազարյանը։ «Բարեբախտաբար, մի օր պատահաբար աչքովս ընկավ՝ Հայաստանում անվճար ներառական թվային դպրոցի ընդունելության հայտարարությունը: Այդպիսով, բացահայտեցի ԽԵԼՔ-ը։ Այն ինձ համար դարձավ ելակետ, որի միջոցով կարողացա ցրվել ու վերադառնալ կյանք: Ես իսկապես պետք է դուրս գայի այդ դեպրեսիայից ու առաջ շարժվեի՝ հանուն երեք երեխաներիս»։

Սեդայի համար ԽԵԼՔ-ի ուժեղ կողմը գործնական մոտեցումն է։ նախագծերի վրա հիմնված դասընթացներ՝ ուղղված ինքնավարության, հետաքրքրասիրության և ճկունության զարգացմանը: Վերջինս խոստովանում է, սակայն, որ իր ուսումնառությունն ուղեկցվել է կասկածներով ու տատանումներով։ «Որպես պատմաբան և մանկավարժ՝ ինձ համար ՏՏ ոլորտը լիովին նոր ու անծանոթ աշխարհ էր, որի մասին ոչինչ չգիտեի: Հետևաբար, ԽԵԼՔ-ի ուսումնառությունս որքան բարդ, նույնքան էլ հետաքրքիր էր: Հաճախ են եղել պահեր, երբ հուսահատվել եմ և ինձ ապամոտիվացված զգացել, բայց ԽԵԼՔ-ի մանկավարժական թիմի և մյուս ուսանողների շնորհիվ կարողացել եմ ի վերջո հաղթահարել բոլոր դժվարություններն ու ավարտել դպրոցը»,- ավելացնում է Սեդան:

Սեդան ընդգծում է, որ ԽԵԼՔ-ն իրեն օգնել է առաջ շարժվել ու առճակատվել մի նոր իրականության։  « Այս ծրագիրն ինձ տվել է գործնական հմտություններ՝ ինֆորմատիկայից, նոր բնագավառում աշխատանք գտնելու հնարավորություն, ինչպես նաև պարգևել է ընկերներ ու նոր կապեր»։ Այսօր Սեդա Շահնազարյանը ՏՏ ոլորտում փորձաշրջանի կամ աշխատանքի ակտիվ փնտրտուքով է զբաղված, որպեսզի կարողանա ԽԵԼՔ-ում ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայաստանյան ՏՏ ոլորտին։