« Սպիտակ Թուղթ »` Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ

2021թ․-ի սեպտեմբերին չորս լեզվով հրատարակված «Սպիտակ թուղթն»-ն իրենից ներկայացնում է ամբողջական ուսումնասիրություն՝ Հայաստանի մարտավարական մտածողության և 2020թ.-ի 44-օրյա պատերազմին հետևող վճռորոշ ընտրությունների վերաբերյալ։ Թեմային քաջատեղյակ երեք մասնագետների կողմից գրված այս ուսումնասիրությունը ներառում է նաև 45 հայ փորձագետների վերլուծությունների ամփոփագիր՝ 2020-ի սեպտեմբերին վրա հասած պատերազմի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին։ 

2020թ.-ի սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի և քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաև առիթ դարձավ  մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ` ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։

Այժմ՝ ութամսյա հետազոտություններից և լայնածավալ խորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել։ Խոսքը «Սպիտակ Թղթի» մասին է, որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության։ Այս զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ՝ ապագայի ընտրությունների և գալիք բարեփոխումների վերաբերյալ:

« Սպիտակ Թուղթը », որի խորագիրն է՝ « 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները»,  իրենից  ներկայացնում է Հայաստանի, Ղարաբաղի և ողջ  հայոց աշխարհի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի  համապարփակ ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հասանելի է չորս լեզվով՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ 

Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի և ապագա տարբերակների մի համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, ինչպես նաև՝ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրա՝ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունը՝ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումները՝ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաև օգնել իրավասուներին՝ վերանայելու խնդիրները՝ քաղաքականություն մշակելիս։

Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաև աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:

Երեք հեղինակները՝ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան և նախկին դիվանագետ), սերտորեն և տարբեր կերպ ներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքում՝  երկար տարիներ շարունակ:

«Սպիտակ Թուղթը» սահմանող գլխավոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողների վստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետները մեր փորձագետների տեսակետներից, և ամբողջությամբ հնչեցրել առկա բոլոր կարծիքները՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մեր կարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներից մեկը՝ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:

Հետազոտության առաջին մասն իրենից ներկայացնում է 45 փորձագետների տեսակետների ամփոփում, որոնք պատասխանել են՝ հեղինակների կողմից ուղարկված հարցաշարին՝ տարատեսակ զգայուն թեմաների առնչությամբ։ Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերում՝ արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:

Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվա Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ինչպես նաև՝ այն գործոնները, որոնք Հայաստանը և հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մասին մտածելիս ու դրանց հետ կապված որոշումներ կայացնելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբևէ, պետք է ավելի իմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:

«Սպիտակ Թուղթ»-ը տրամադրվել է Հայաստանի և Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաև՝ աշխարհասփյուռ հայտնի փորձագետներին ու անհատներին: Այն ներկայացվել է նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է,- ասում էհեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանը՝ Փարիզից,- բայց նաև անմիջական առնչություն ու կիրառություն ունի քաղաքականության և կառավարության գործողությունների մեջ: Մեր դիտարկումները և առաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի ղեկավարներին, ինչպես նաև՝ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:

Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթի երրորդ տարբերակը և կարծիք հայտնել դրա վերաբերյալ՝ «Սպիտակ Թուղթ»-ը հնարավորինս մոտ է հավաքական մտորման ջանքին. այնքանով, որքանով դա  հնարավոր է ներկա իրավիճակում:

«Հեշտ չէր հասնել երկու նպատակներին․ առաջարկել մի հավաքական աշխատանք, որը միաժամանակ գործնական կիրառություն կունենար»,- ասում է երրորդ հեղինակը՝ Բոստոնից  Ժիրայր Լիպարիտյանն ու հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային և տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք  և ինչ հնարավորություններ կան հիմա»:

«Սպիտակ Թուղթ»-ն  այժմ հասանելի է հանրությանը չորս լեզվով։

Անգլերեն տարբերակն՝ այստեղ։

Ֆրանսերեն տարբերակն՝ այստեղ։

Հայերեն տարբերակն՝ այստեղ։

Ռուսերեն տարբերակն՝ այստեղ։