Այս նախագիծն ինձ հոգեհարազատ է ընտանեկան և անձնական պատճառներով: Ինչպես իմ սերնդակիցներից շատերի՝ այնպես էլ իմ ընտանիքի պատմությունը, որը հանդիսանում է 1915-1918թթ. ցեղասպանության երրորդ սերունդը, առանձնանում էր՝ հյուրընկալող երկրում տեղ գտնելու ու մասնագիտորեն կայանալու անհրաժեշտությամբ։ Ինքս ինձ բնորոշում եմ երկակի ինքնությամբ, ինչն առավել պատկերավոր նկարագրելու համար ինձ կվերագրեի Շառլ Ազնավուրի արտահայտությունը՝ «100% ֆրանսիացի և 100% հայ»:
Այսօր ցանկանում եմ իմ երկու երկրներին ինչ-որ չափով վերադարձնել այն, ինչ նրանք տվել են ինձ։ Ընտանեկան ժառանգությունս խոսուն է։ Հայրս՝ Առլեն Փափազյանը, հայկական հարցի համար մարտնչող ակտիվիստ էր։ Թեպետ շատ վաղ է հեռացել կյանքից, նրա անձն, այդուհանդերձ, իր հետքն է թողել Ֆրանսիայի հայ համայնքի պատմության մեջ։ Մեր ողջ ընտանիքը մեծացել է քաղաքական ներգրավվածության ու հայկականության նվիրական արժեքներով։ Այս պարտավորությունը փոխանցվել է սերնդեսերունդ։
Ավագ դուստրս՝ Թալինը, քաղաքագիտության ոլորտում իր դոկտորական ատենախոսությունը նվիրել է ժամանակակից հայկական պետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուսումնասիրությանը։ Աշխատանքի ընթացքում վերջինս ճանաչում է ձեռք բերել ակադեմիական շրջանակներում՝ շնորհիվ Հարավային Կովկասում անվտանգության հարցերում իր փորձառության: Ինչ վերաբերում է տղաներիս՝ նրանք լքել են Ֆրանսիան՝ նախ Չինաստանում, ապա ԱՄՆ-ում հաստատվելու համար, և արդեն երեք տարի է, ինչ վերջապես տեղափոխվել են Հայաստան։
Դեպի արմատներ այս վերադարձն ուղեկցվում է նորարարական ու երկրի համար գրավիչ ծրագրերի նախաձեռնմամբ, որոնց միջոցով սեփական մասնագիտական ոլորտներում ձեռք բերած « սփյուռքային» փորձն ի սպաս են դնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի ապագայի համար խոստումնալից հաղթաթղթերի օգտագործմանը։
Այսպիսով, «Armenia Peace Initiative-ը» և՛ ընտանեկան, և՛ երկազգային պատմության մի մասն է: Խաղաղության ու անվտանգության պահպանումը շարունակում է մնալ առանցքային խնդիր Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով, շրջափակված է և պատերազմական վիճակում՝ եթե ոչ բաց, առնվազն՝ թաքնված: Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տարիներ շարունակ հանձնառու է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացը հաջող ավարտին հասցնել։ Բայց անվտանգության և խաղաղության նախապայմանները նաև քաղաքական են՝ ժողովրդավարության խթանմամբ, մշակութային՝ արվեստի և մշակույթի զարգացմամբ, տնտեսական՝ բնակչությանը երկրում պահելով, և կրթական՝ երիտասարդներին միջազգային չափանիշներին համապատասխան կրթական մակարդակի ապահովմամբ։
Այս նախագիծը լայնածավալ է ու հավակնոտ։ Մենք չենք կարողանա ամեն ինչ անել, բայց այս շենքը կառուցելու համար դրված յուրաքանչյուր քար մեզ թույլ կտա առաջ գնալ։ Ուրախ եմ, որ կարող եմ օգնել ամրապնդել Ֆրանսիա-Հայաստան կապը և աշխատել այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
Շուրջ 40 տարվա փորձս՝ ՏՏ ընկերությունների ղեկավարման ոլորտում, և 60 տարվա ակտիվ գործունեությունս՝ ի շահ հայկական համայնքի և այնուհետև՝ Հայաստանի, աչքի են ընկնում հարուստ փորձառություններով ու կապերով։ Այսօր դրանք ի սպաս եմ դնում Armenia Peace Initiative-ին․ գլխավոր տնօրենին, ղեկավար խորհրդին և նրա անդամներին: Վաղուց է, ինչ հետևում եմ ու գնահատում Թալին Փափազյանի, Օրելի Դեյիրմենջյանի և Վիգեն Փափազյանի մասնագիտական բարձր կարողություններն ու նվիրված հայրենասիրությունը:
Հայաստանում և Արցախում մասնագիտական կրթության և բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը նույնքան առաջնահերթ է, որքան՝ խաղաղությանն ու բնակչության անվտանգությանն ուղղված մտորումներն ու գործողություններն:
Լիահույս եմ, որ այս կերպ կնպաստեմ նրանց առաջխաղացմանն ու համակեցությանը՝ առաջնորդվելով բարոյական քաղաքացիության և բանականության սկզբունքով: