«Սպիտակ գիրքը»` ռուսերեն

«Սպիտակ գիրքը», որը լույս է տեսել 2021 թվականի սեպտեմբերին անգլերեն և հայերեն, այնուհետև` ֆրանսերեն լեզուներով, այժմ հասանելի է նաև ռուսալեզու ընթերցողներին։ Այն Հայաստանի ռազմավարական մտածողության և 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով կատարված ընտրությունների մասին համապարփակ ուսումնասիրություն է։ Երեք բանիմաց մասնագետների հեղինակած այս ուսումնասիրությունը ներառում է նաև աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների կարծիքների սինթեզ՝ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի պատճառների, ընթացքի և հետևանքների վերաբերյալ։

Այս աշխատության նպատակն է ներկայացնել անցյալի խնդիրների և ապագայի ընտրության տարբերակների համակարգված վերլուծություն՝ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, ինչպես նաև՝ ստեղծել փաստերի վրա հիմնված հանրային բանավեճ՝ տարանջատելով իրողություններն ընտրության տարբերակներից, սթափ դատողությունը՝ կարծրատիպերից և մարտավարական նկատառումները՝ գաղափարախոսական ձևակերպումներից։

Սրանով հեղինակները հույս ունեն խրախուսել վերոնշյալ թեմաների շուրջ հանրային բանավեճը, բայց նաև՝ օգնել իշխանություն ունեցողներին վերանայել խնդիրները քաղաքական տիրույթում։