Առաջին բուժօգնության դասընթացներ․ API-ն և Ներքին գործերի նախարարությունը ստորագրում են նոր համագործակցության համաձայնագիր

«Armenia Peace Initiative»-ի տնօրեն Թալին Փափազյանը և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը՝ համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ընթացքում։

«Armenia Peace Initiative» (API) կազմակերպությունն ու Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը 2026 թվականի մայիսի 7-ին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով քաղաքացիական անվտանգության ոլորտում արդեն ձևավորված գործընկերության նոր փուլը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է զարգացնել համատեղ ծրագրեր կրթության, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության ուսուցման, համայնքային դիմակայունության բարձրացման և անվտանգության մշակույթի տարածման ուղղություններով։ Նախաձեռնության առանցքում են հատկապես սահմանամերձ բնակավայրերը, երիտասարդների մասնագիտական ներգրավվածությունը և արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների զարգացումը։

«Armenia Peace Initiative»-ի տնօրեն Թալին Փափազյանը, անդրադառնալով նախաձեռնության նշանակությանը, ընդգծել է հայ-ֆրանսիական համագործակցության ռազմավարական կարևորությունը․

«Armenia Peace Initiative»-ը միշտ ընկալվել է որպես համեստ, բայց կարևոր ներդրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդման գործում», — նշել է նա՝ հիշատակելով նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին այցը Հայաստան։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը նախընտրում է գործնական և տեղային ազդեցություն ունեցող նախաձեռնություններ․

«Այն ոլորտներում, որտեղ կարող ենք նպաստել Հայաստանի քաղաքացիների և պետական հաստատությունների դիմակայունության ամրապնդմանը, փորձում ենք իրականացնել փոքրածավալ, բայց արդյունավետ և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր»։

Այս մոտեցման վառ օրինակ է վերջին երկու տարիներին Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացվող առաջին օգնության ուսուցման ծրագիրը, որն ուղղված է բնակչության պատրաստվածության և ինքնապաշտպանական կարողությունների բարձրացմանը։ Կողմերը չեն բացառել նաև ապագայում նոր համատեղ նախագծերի իրականացումը ՆԳՆ կրթահամալիրի հետ։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն իր հերթին ընդգծել է համագործակցության ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ ժամանակակից անվտանգային մարտահրավերները պահանջում են ոչ միայն տեխնիկական միջոցներ, այլև պատրաստված և գիտակից հասարակություն։

«Ժամանակակից անվտանգային մարտահրավերների պայմաններում կրթությունը, պատրաստվածությունն ու մարդակենտրոն համագործակցությունը պետության դիմադրողականության կարևորագույն բաղադրիչներից են», — հայտարարել է նա։

Ռեկտորը կարևորել է նաև նախաձեռնության հասարակական բաղադրիչը․

«Մեր համագործակցությունը միտված է ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցմանը, այլև ավելի անվտանգ և պատասխանատու հասարակության ձևավորմանը»։

Ստորագրման արարողությունից հետո մասնակիցները շրջայց են կատարել ՆԳՆ կրթահամալիրում՝ ծանոթանալով ուսումնական ենթակառուցվածքներին, վերապատրաստման պայմաններին և գործնական պատրաստության ծրագրերին։

Ստորագրված հուշագիրը նպատակ ունի ամրապնդել արդեն գործող համագործակցությունը և նոր խթան հաղորդել քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման և հանրային պատրաստվածության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների զարգացմանը։

*Ծրագիրն իրականացվում է  Ministère de l’Europe et des Affaires étrangères, Chene France, Fondation Aznavour, Fonds Arménien de FranceL’Œuvre d’Orient, Mouvement Missak Manouchian ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև մեր մասնավոր նվիրատուների օժանդակությամբ։