«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Armenia Peace Initiative-ի տնօրեն, քաղաքագետ Թալին Փափազյանը պատասխանում է լրագրող Դավիթ Գրգորյանի հարցերին, որոնք վերաբերում են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ վերջին իրադարձությունների համատեքստում, ինչպես նաև՝ Սյունիքում հյուպատոսության բացելու Ֆրանսիայի որոշմանը։
Սյունիքում հյուպատոսության բացումը խորհրդանշական արժեք ունի։ Հայ-ֆրանսիական հարաբերություններին տարիներ են անհրաժեշտ, թերևս, իրական գործընկերության վերածվելու համար։ Ֆրանսիան Արցախի հարցին մոտենում է բացառապես մարդասիրական կողմից։
Հավաքական Արևմուտքը նպատակ է դրել ՌԴ-ին պարտվողական դիրքում բերել, այդ խառնաշփոթում Հայաստանի շահերն են։ Հայաստանը պետք է լիարժեքորեն հստակ լինի սեփական շահերի ներկայացման հարցում՝ մասնավորապես հաշվի առնելով իր արտաքին անպաշտպան վիճակը։ Պետք է ծանրութեթև անի ընդունված որոշումների գինն ու օգուտները։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ անհանգստացնող է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա ճգնաժամն այդ աստիճան մեծ թափով է դրսևորվում տեղեկատվական մակարդակում։ Հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու այն ծայրահեղ լարվածությունը, որը տիրում է երկրում՝ Արցախում տեղի ունեցող էթիկ զտման հետևանքով՝ ավելի օգտաբեր կլիներ քիչ խոսել և շատ աշխատել՝ չեզոքացնելու համար Մոսկվայից եկող ռիսկերը, որոնք կախված են Հայաստանի վրա։