Թեպետ Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի վերջին կրկին ներգրավվեցին հարաբերությունների կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ բացառապես ֆորմալ հարթության վրա՝ հատուկ ներկայացուցիչների (Ռուբեն Ռուբինյան և Սերկար Քըլիչ) միջոցով։ Քաղաքացիական հասարակության մասնակցությունն, ինչը կարևոր օղակ է այս տեսակ գործընթացներում, կարծես լիովին բացակայում է՝ ի տարբերություն նախորդ փորձերի: Imagine Center for Conflict Transformation-ը շտկել է այդ բացը` հրապարակելով փոքրիկ ուսումնասիրություն՝ ” Why re-engage in the Armenia-Turkey normalization process ? How to re-engage meaningfully ?” վերնագրով: Այն իրականացվել է երիտասարդ հետազոտողների և/կամ ակտիվիստների թիմի՝ Բուրջու Բեչերմենի, Լիլիթ Գիժլարյանի, Փինար Սայանի և Դիանա Յայլոյանի, ինչպես նաև՝ Ֆիլ Գամաղելյանի կողմից՝ Սան Դիեգոյի համալսարանից։ Ուսումնասիրությունը կատարվել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում՝ միաժամանակ Հայաստանում և Թուրքիայում։
Ավելի քան 55 անհատական հարցազրույց երկու երկրներում: Խոշոր քաղաքներում (Երևան, Անկարա, Ստամբուլ) թիմը հանդիպել է քաղաքական դեմքերի, նախկին դիվանագետների, քաղաքացիական հասարակության դերակատարների և վերլուծաբանների հետ, որոնք նախկինում ներգրավված են եղել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության/կարգավորման ջանքերում: Հայաստանի սահմանամերձ Արմավիրի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Թուրքիայի Կարս և Իղդիր քաղաքներում թիմը հանդիպել է տեղի համայնքների ներկայացուցիչների հետ։
« Հայկական կողմից՝ վախեր, թուրքական կողմից՝ անտարբերություն »․ փոխադարձ անվստահությունն աղաղակող է։ Ինչն էլ խանգարում է փոխհաղորդակցությանն՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական մակարդակներում։ Թե՛ հայ, և թե՛ թուրք հասարակություններում տեղեկատվական և վերլուծական բացը խիստ ակնհայտ է, և քաղաքական մակարդակով ոչինչ չի արվում այն լրացնելու համար։ Հայկական կողմից մամուլում, այսպես կոչված՝ «փորձագետների» և նույնիսկ ակադեմիական միջավայրի ներկայացուցիչների մի մասի ելույթներում Թուրքիայի մասին լուսաբանումը շատ հաճախ ոչ այլ ինչ է, քան՝ կարծրատիպերի շարան կամ՝ վերլուծության համար անհրաժեշտ տարրական մեթոդաբանությունից զուրկ քննադատական ելույթներ։ Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա այստեղ լրատվական տիրույթում ու զանազան վերլուծություններում Հայաստանը գրեթե բացակայում է։ Ադրբեջանական լրատվական աղբյուրները Հայաստանին վերաբերող լուրերի լուսաբանման մեջ մեծապես ներգրավված են։ Ընդհանուր առմամբ, մամուլի ազատության և Թուրքիայի քաղաքացիական հասարակության սահմանափակումների հետևանքով հավասարակշռված և համատեքստային լուսաբանումը խիստ հազվագյուտ բնույթ է կրում։
Այնուամենայնիվ, կարելի է նկատել, որ սահմանամերձ համայնքների տնտեսական շահերն ու խնդիրները երբեմն կարող են ընդհանրություններ և նմանություններ ունենալ։ Խոսքը մասնավորապես հարաբերականորեն ավելի անբարենպաստ և/կամ մեկուսացված համայնքների մասին է, որոնց շահերից, բնականաբար, ավելի շատ է բխում սահմանի վերաբացումը: Թեպետ Շիրակի մարզում Գյումրու հնարավոր «բաթումացման» հետ կապված մտավախություն կա, այդուհանդերձ պետք է նշել, որ հիսուննանց գյումրեցին դեռ հիշում է, թե ինչպես էր գնացքը նրանց միացնում Թուրքիայի սահմանամերձ Աքյաքա քաղաքին՝ Կարսից ոչ հեռու։ Արփաչայ/Ախուրյանի ջրամբարը գյուղացիների պատահական հանդիպումների վայրն էր, որտեղ էլ երբեմն «կապում էին իրենց ձկնորսական ցանցերը»: Ինչպես նախորդ տասնամյակներում՝ թուրքական կողմից հատկապես Կարսում ապրող քրդերն են, որ ցանկանում են հանդիպել սահմանի մյուս կողմում գտնվող մարդկանց և համագործակցել:
Սահմանամերձ համայնքների ձայնը, որոնց վրա վերոնշյալ ուսումնասիրությունն ուշադրություն է հրավիրում, կարևոր են։ Հայ-թուրքական սահմանի յուրաքանչյուր կողմում տարբերակման գծերն առավելապես տնտեսական ու սոցիալական են, քան՝ ազգային ( բարեկեցիկ և պակաս բարեկեցիկ շրջանների, մեկուսացված և հարաբերականորեն ինտեգրված շրջանների միջև ): Զեկույցն ընդգծում է մտահոգությունները, որոնք երբեմն նման են, երբեմն՝ հակասական երկու կողմերի թուրքական և հայկական համայնքների միջև: