ԽԵԼՔ՝ ներառական թվային դպրոց Հայաստանում

2020 թ․-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Սիրիլ Հարփութլյանը որոշում է մասնակցել Հայաստանի վերակառուցմանը՝ անվճար  ներառական թվային դպրոց հիմնելով։ Նրա հավակնոտ և նորարարական նախագիծը հենց սկզբից ստանում է Armenia Peace Initiative-ի ֆինանսական աջակցությունը: Այս հոդվածում Սիրիլը մեզ հետ կիսվում է ԽԵԼՔ-ի ստեղծման պատմությամբ, խոսում նրա անցած քարքարոտ ճանապարհի, հաջողության, ինչպես նաև՝ ծրագրի առջև ծառացած նոր մարտահրավերների մասին:

ԽԵԼՔ-ի գաղափարը ծնվել է Ղարաբաղյան 44-օրյա ավերիչ պատերազմի ավարտին։ Ծրագիրն աչքի էր ընկնում իր մեծ հավակնությամբ․ նպաստել պատերազմի հետևանքով տեղահանված, տուժած և հաշմանդամություն ձեռք բերած բնակչության սոցիալական վերաինտեգրմանը՝ ՏՏ ոլորտում մասնագիտական անվճար ուսուցման միջոցով: Հենց Սիրիլ Հարփութլյանի որդին է նրան ներշնչում թվային դպրոց ստեղծելու այս յուրօրինակ գաղափարը։ «Պատերազմի ընթացքում երեխաներիս հետ հանգստյան օրերն անցկացնում էի բժշկական և պարենային ծանրոցներ պատրաստելով, որպեսզի ուղարկեմ Հայաստան՝ պատերազմից տուժած ընտանիքներին»,- հիշում է Սիրիլը։ «Բայց մի օր տղաս, որ այդ ժամանակ 9 տարեկան էր, հուսահատ ձայնով ինձ ասում է, որ այն, ինչ մենք անում ենք, որևէ բանի չի ծառայում: Իմ հարցին, թե ինչ կարող եմ անել, նա առանց վարանելու պատասխանում է. սովորեցրու՛ նրանց քո մասնագիտությունը, հայրի՛կ»։ Այս նախադասությունը հնչում է որպես ահազանգ, և պատասխանը չի հապաղում: 

Այսպիսով, Սիրիլը որոշում է մեկնարկել մի ծրագիր, որը կունենա հասարակական մեծ ազդեցություն և թույլ կտա պատերազմից տուժած անձանց աշխատանք գտնել Հայաստանում՝ ապահովելով երկարաժամկետ զարգացում։

ԽԵԼՔ-ի հիմնադիր Սիրիլ Հարփութլյանը

ԽԵԼՔ-ն ունի չորս հենասյուն՝ ներառականություն, մասնագիտական ցանց, փորձարկում, ազդեցություն: Դպրոցի առաքելությունն է՝ հաղթահարել սոցիալական բեռը և զարգացնել փոխկապակցված ու հզոր համայնքներ, որոնք այլ ծրագրերի հետ ակտիվ փոխազդեցության մեջ կլինեն: ԽԵԼՔ-ը նաև նպատակ ունի զարգացնել գործնական փորձարկումների մշակույթը ոլորտի համապատասխան դերակատարների հետ՝ խթանելով անցումը դեպի աշխատաշուկա՝ միաժամանակ զարգացնելով տեխնոլոգիան և նորարարությունը՝ ապահովելով երկարատև ներգործություն: Սա ապագայի դպրոց է, որը նպատակ ունի օգնել Հայաստանի սոցիալական ու տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը։

Ճանապարհը երկար է, հաղթանակը՝ մեծ

Այս հավակնոտ ծրագրի իրականացման ճանապարհին Սիրիլը բախվում է բազմաթիվ դժվարությունների, որոնցից գլխավորը ֆինանսավորման փնտրտուքն էր։ «Գաղտնիք չէ, որ ցանկացած ծրագիր իրականացնելիս՝ ամենամեծ դժվարությունն առաջին հովանավորի փնտրտուքն է։ Այդ փուլը հաղթահարելուց հետո՝ մյուս հովանավորները միմյանց հետևում են: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր էր Armenia Peace Initiative-ի վստահությունն ու աջակցությունը»,-ընդգծում է ԽԵԼՔ-ի հիմնադիրը։  «API-ն առաջին կազմակերպություններից էր, որը վստահեց մեզ՝ դեռևս գոյություն չունեցող նախագծի հիման վրա: Այս վստահությունն օգնեց մեզ գտնել այլ հովանավորներ: Այսպիսով, համերաշխության մի մեծ ալիք առաջացավ, որը մեզ հնարավորություն տվեց բավարար միջոցներ հայթայթել ԽԵԼՔ-ի առաջին տարվա ֆինանսավորումն ապահովելու համար»:

Մյուս դժվարությունը Հայաստանում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում պատասխանատու թիմի ձևավորումն էր։ Սիրիլ Հարփութլյանը նշում է, որ այսօր ԽԵԼՔ-ն աշխատում է վճռական անձնակազմի շնորհիվ, որը հավատում է տեխնոլոգիայի և կրթության ուժին: «Այս ամենը հնարավոր չէր լինի առանց խանդավառ թիմի՝ Տանյա Այդենյան, Խավիեր Կութալյան, Վալենտինա Պողոսյան, Սեդա Պապոյան»:  Ի դեպ, ԽԵԼՔ-ը գտնվում է Էմանուել Մակրոնի և Ժան-Բատիստ Լեմոյնի բարձր հովանու ներքո։

«Համակարգչային ծածկագիրը՝ որպես թերապիա»

ԽԵԼՔ-ի բոլոր ուսանողներն առանձնանում են կյանքի դժվարին պատմությամբ։ Որոշ պատմություններ առանձնապես տպավորել են Սիրիլին։ «Հիշում եմ արցախցի մի կնոջ, որ պատերազմի ժամանակ կորցրել էր ամուսնուն և եղբորը՝ մենակ մնալով երեք երեխաների հետ։ Նրա համար ԽԵԼՔ-ը հենարան էր, որը թույլ էր տալիս ինչ-որ կերպով կյանք վերադառնալ»,- հիշում է Սիրիլը: «Չեմ կարող մոռանալ նաև՝ պատերազմի պատճառով հաշմանդամ դարձած զինվորի խոսքերը, ով համակարգչային ծածկագիրը թերապիա էր համարում։ Այն ամենի պատճառով, ինչի միջով անցել էր պատերազմի ժամանակ, այլևս չէր կարողանում կենտրոնանալ։ ԽԵԼՔ-ը նրան օգնում էր ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերել, այլև՝ վերագտնել կյանքի համը և ուժը՝ պայքարելու իր հաշմանդամության դեմ։ Հենց դա՛ էլ մեր ամենամեծ հաջողությունն է»,- եզրափակում է Սիրիլը։

Ինչու՞ ֆինանսավորել ԽԵԼՔ-ը 

Ամեն տարի Հայաստանին անհրաժեշտ են լինում մոտ 2000-3000 ՏՏ ոլորտի մասնագետ։ ԽԵԼՔ-ը նպատակ ունի լայնամասշտաբ կերպով վերապատրաստել մարդկանց թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ միաժամանակ նրանց աջակցելով աշխատանքի տեղավորման հարցում: «Ունենք չափազանց մեծ ձգտում: Համակարգչային մասնագետներն ունեն այնպիսի կենսամակարդակ, որն անհամեմատելի բարձր է այլ մասնագիտությունների համեմատ: Եվ քանի որ մենք ցանկանում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում և կարողանան ապրել լավ վարձատրվող աշխատանքով, այս դպրոցը հրաշալի լուծում կարող է լինել։ Այսպիսով, ԽԵԼՔ-ի շնորհիվ մենք ոչ միայն աշխատանք ենք առաջարկում խոցելի խավերին, այլ նաև տալիս ենք նրանց՝ Հայաստանում մնալու և հայկական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու ցանկություն»։ Արդյունքները ցույց են տալիս, որ ԽԵԼՔ-ի նախատիպը արդարացնում է իրեն։ «Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում վերապատրաստվել է 80 մարդ. այս ցուցանիշը բավականին նշանակալի է։ Մենք առաջ ենք շարժվում՝ նպատակ ունենալով կրկնապատկել ուսանողների թիվը՝ 2022-2023 թվականներին հասցնելով այն 200-ի:

Լինելով 100% անվճար դպրոց՝ ԽԵԼՔ-ը գործում է դրամաշնորհների շնորհիվ: Ինչը նշանակում է, որ ավելի հեռուն գնալու համար այն կանոնավոր ֆինանսավորման կարիք ունի։ Ինչպես նշում է ԽԵԼՔ-ի հիմնադիրը, ՀՀ կառավարության աջակցությունը շատ կարևոր կլինի ծրագրի զարգացման համար։ «ԽԵԼՔ-ը մեզ համար գործիք է՝ Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդներին աշխատանքով ապահովելու համար։ Այս համատեքստում կցանկանայինք, որ մեր մոտեցման հովանավորը լիներ Հայաստանի կառավարությունը։ Հուսով ենք, որ ԽԵԼՔ-ի այս նախաձեռնությունը, որն այսօր առաջ է շարժվում՝ Ֆրանսիայում, Հայաստանում և ԱՄՆ-ում ապրող մեր կամավորների շնորհիվ, կդառնա իրական ծրագիր՝ համազգային մակարդակում, որին կաջակցի կառավարությունը: Մենք արդեն ունենք թիմ, մեթոդ ու հաջողության ապացույցներ։ Կարճ ասած՝ ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Հիմա մեզ պակասում է ֆինանսավորումն ու աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից»:

ՀԳ․ ԽԵԼՔ-ի մասին ավելի շատ բան իմանալու համար սեղմե՛ք  այստեղ։