Առաջին բուժօգնության դասընթացի ավարտական ​​վկայականների հանձնումը կամավորներին. «Որքան շատ ներդրում կատարենք երիտասարդության շրջանում, այնքան ուժեղ կլինի մեր պետությունը»,- Բերդի համայնքապետ Գ. Չոբանյան

Օգոստոսի 18-ին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը (API), ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ​​ակադեմիայի հետ համատեղ, կազմակերպել էր «Առաջին օգնության տարրեր» դասընթացն ավարտած կամավորների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը Տավուշի սահմանամերձ համայնքում։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արմինե Հայրապետյանը, ով անձամբ ղեկավարել էր ուսումնական պարապմունքները, գնահատել կամավորների գործնական աշխատանքը և համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի հետ հանձնել ավարտական ​​վկայականներ Բերդ և Վերին Կարմիրաղբյուր համայնքների 22 կամավորներին։

«Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ Բերդ համայնքում նախատեսվում է կազմակերպել առաջին բուժօգնության ևս 2-3 դասընթաց։ Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև երիտասարդության ներգրավմամբ բնական աղետների ռիսկի նվազեցման հնարավոր ուղիները»,– նշեց Ա. Հայրապետյանը։

Համայնքի զարգացման, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Չոբանյանը կարևորեց սահմանամերձ համայնքներում անվտանգությանն առնչվող յուրաքանչյուր ուսուցում՝ նշելով, որ առկա խնդիրները պետք է լուծեն հենց քաղաքացիները՝ իրենց գիտելիքներով և հմտություններով։  Նա դրական է գնահատել ուսուցման մեթոդներն ու ձևաչափը։

«Սահմանին մոտ գտնվելը մեր առավելությունն է։ Տավուշի երիտասարդները հպարտ են և տոկուն, և մենք համայնքում ձևավորել ենք երիտասարդական խորհուրդ՝ կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ։ Որքան շատ ներդրում կատարենք երիտասարդության շրջանում, այնքան ուժեղ կլինի մեր պետությունը», – եզրափակեց Գևորգ Չոբանյանը։