Միջազգային կարծիքի վրա ազդեցությունն ու անվտանգությունը. այս թեմայի շուրջ Armenia Peace Initiative-ի տնօրեն, քաղաքագետ Թալին Փափազյանը խոսում է Հայաստանի հանրային ռադիոյի «Խոշորացույց» հաղորդման եթերում։ Նա նաև անդրադառնում է՝ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությանը վերաբերող՝ իր համահեղինակած «Սպիտակ թուղթ» աշխատությանը։
Պիտի մեզ հարց տանք՝ «Աշխարհը փոխվեց, բա մենք» ու հարցին ինքնաքննադատաբար պատասխանենք, ասում է ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը։ Նա շեշտում է, որ սա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում անհրաժեշտ ու կարևոր քայլ է։
Շարունակելով չձևակերպված և չտրված հարցերը` քաղաքագետն արձանագրում է, որ մինչև հիմա մենք չունենք նաև «Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում» հարցի պատասխանը։
Նա համաձայն է, որ Սփյուռքը կարող էր շատ ավելի լավ գործել, բայց միաժամանակ նշում է, որ հայ համայնքների միջոցով Հայաստանն ի վիճակի չէ ազդել այլ երկրների տեսլականի ու շահի վրա։
Պետք է հասկանալ, որ հայ համայնքների անվտանգությունը Հայաստանը չի կարող լուծել, ինչպես և համայնքները չեն կարող լուծել Հայաստանի անվտանգության հարցը։ Հայաստանի անվտանգության խնդիրը կարող է լուծվել միայն այս տարածաշրջանում` վստահ է Թալին Փափազյանը։
🗨️Ի՞նչ կլինի, եթե մենք վերջապես կարողանանք միջազգային կարծիքի ուշադրությունը հրավիրել մեր խնդիրների վրա,
🗨️Ի՞նչ կլինի, եթե մենք շարունակենք անհայտ մնալ այս աշխարհում:
Հաղորդումը կարող եք լսել ստորև։