Մեդիա փառատոն՝ Երևանում

©EVN Report Media Festival

Սույն թվականի մայիսի 26-28-ը Երևանում կայացավ EVN Report ամենամյա մեդիա փառատոնը` EVN Report-ի նախաձեռնությամբ։ Այս իրադարձությունն իր շուրջը համախմբեց տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու սեփական փորձով ու հմտություններով, ընդգծելու լրագրողների առանցքային դերը՝ հասարակության ընկալումների ձևավորմանը նպաստելու գործում: Փառատոնին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից ժամանել էին՝ էսսեիստ, Le Monde-ի առաջատար լրագրող Արիան Շեմենը, Sciences Po-ի դասախոս, Le Monde-ի լրագրող Գայց Մինասյանը, ինչպես նաև՝ Sciences Po-ի դասախոս և Armenia Peace Initiative-ի տնօրեն Թալին Փափազյանը։

Երեք օր շարունակ EVN Media Fest-ի բանախոսները քննարկեցին տարբեր թեմաներ՝ սկսած լրատվամիջոցների էթիկայից, հետաքննական լրագրությունից, վերջացրած՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ու փաստերի ստուգման միջոցներով։ Կայացան ակադեմիական քննարկումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ և պորտֆոլիոների խորհրդատվություններ:

Ակադեմիական պանելի շրջանակում՝ քաղաքագետ Ներսես Կոպալյանը ( Նևադայի համալսարան) , սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը ( Աբու Դաբիի համալսարան ) և Թալին Փափազյանն անդրադարձան Հայաստանի անվտանգության ու դիմակայունության հարցերին։

Տեղեկատվական անվտանգությունն այսօր անվտանգության կերտման մի մասն է ու՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից մեկը: Հայաստանը գտնվում է կրկնակի պատերազմական իրավիճակում․ մի կողմից՝ Ադրբեջանի դեմ մղվող պատերազմը, և մյուս կողմից՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքների և գլոբալ աշխարհաքաղաքական վերափոխումների դեմ մղվող պայքարը, որոնք, անհերքելիորեն, իրենց ազդեցությունն են ունենում երբեմնի խորհրդային տարածաշրջանի վրա։

Թալին Փափազյանն ընդգծեց Հայաստանի անվտանգության համակարգում տեղի ունեցող վերափոխումները, վերջինիս քաղաքացիների համախմբման կարևորությունը և դրա օրգանական կապը ժողովրդավարացման հետ:

©EVN Report Media Festival